ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճանապարհ դեպի մեր ինքնության ու հավատի տուն

Ճանապարհ դեպի մեր ինքնության ու հավատի տուն
12.01.2022 | 18:04

Անցած տարվա ավարտը նշանավորվեց «70 ճանապարհ դեպի Տաճար» վերտառությունը կրող ցուցահանդեսի բացմամբ, որը մեր մշակութային ու ընդհանրապես հասարակական կյանքում հսկայական թարմություն էր ոչ միայն հղացման, իրականացման առումներով, այլև գեղագիտական, ճանաչողական, դաստիարակչական նշանակությամբ, ԵՐԿՐԻՆ, ՏԵՍԱԿԻՆ, ՀԱՎԱՏԻՆ տեր կանգնելու բերած խորհրդով։

«70 ճանապարհով» նկարիչների միության «Արա Սարգսյան» սրահում աշխարհիկ ու հոգևոր խորքի մեջ ծաղկել էր մի նոր Հայաստան, բացվել էր նոր շունչ ու այս ամենն ի մերժումն այն տրամադրությունների, որոնք ցավոք հիմա էլ են կազմում մեր ներկայի անբաղդատելի մասը։
Թերևս հենց այստեղ էլ կարելի էր ցուցահանդեսի բերած տոնի զգացողությունը ստվերող տրամադրություններն անվերադարձ ուղարկել մոռացության գիրկը, սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ 2020-ի կեսերին մեկնարկած պլեներների այս շարքը դեռևս ընթացքի՛ց առերեսվեց դաժան իրականությանը, ու երբ Արցախյան 44-օրյա ամոթալի պատերազմի հետևանքով ընդհատված ձեռնարկը 2021-ի փետրվարից վերսկսվեց, գոնե ինձ մոտ տևական ժամանակ զգացողություն էր, թե պլեներներում ընդգրկված մեր գեղանկարիչները ոչ թե պարզապես նկարում են, այլ․․․ քարտեզագրում են երկիրը՝ ջանալով նրա յուրաքանչյուր քար ու թուփ, լեռ ու սար, շինություն՝ հոգևոր թե քաղաքացիական, հետևողականորեն ի պահ հանձնել ոչ միայն կտավին, այլև․․․ առհասարակ մարդուս հիշողությանը, դարձնելով ինքնության դրոշմ, երակներով հոսող արյուն, գիտակցված գոյության ու ապրելու պարտադրանք։

Բարեբախտաբար զգացումներս հընթացս մեղմվեցին, հարթվեցին ու նորից տիրապետող եղավ այն մտայնությունը, որ եթե ձեռնարկիդ մեջ կյանք տալու, աշխարհի լույսն ավելացնելու սկզբունքն է, այն անխուսափելիորեն հաղթելու է խավարին, քանզի աշխարհը չի կարող տիեզերական սիրո քարտեզագրումից դուրս լինել։
«70 ճանապարհ դեպի Տաճար» ցուցահանդեսն, այո, ծայր առած ձմռան բերանին ծաղկած գարուն էր հայրենի եզերքի 70 ընթերցմամբ, ազգային ինքնության ու Հավատքի առջև երկյուղած խոնարհմամբ։ Դրանք թող որ իրենց խորքայնությամբ ու կատարման մակարդակով տարբեր էին (վաստակաշատ վարպետի կողքին էր տակավին ուսանողը), սակայն շատ ավելի բովանդակայինը դրանցում եղած անկեղծությունն էր։ Գույների զարմացնող համանվագով առանձնացված ընթերցման այս բազմաձայնությունը միաժամանակ բազմաթերթ էր ընթերցման խորքում եղած անհատականությամբ, ամեն մեկի ձեռագրի ու ինքնության անկրկնելիությամբ։


Այստեղ մշակութային այս ծրագրի հղացման մեջ պիտի արժանին մատուցել դրա հեղինակ, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի ասպետ Գրիգոր Մովսիսյանին, ով նաև կողակցի նվիրատվական ջանքերով իրականություն դարձրեց ձեռնարկը։ Հավասարապես պիտի արժանին մատուցել և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման տեր, «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր, հրապարակագիր Վրեժ Առաքելյանին։ Այդ նա էր, որ ուսը խոնարհ դրեց կազմակերպչական աշխատանքի ծանր ու պատասխանատու լծի տակ՝ մասնակից դարձնելով 70 գեղանկարչի, նրանց նույնպես վարակելով այս ինքնատիպ հղացման գաղափարով ու ամուսնական Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան զույգի հետ համահավասար դառնալով ծրագրի հեղինակ։


Ինքնին հասկանալի է՝ կատարյալ խենթություն կլինի մի նյութի մեջ յոթանասուն գեղանկարչի անուն-ազգանվան հիշատակումն այն էլ այն դեպքում, երբ հրատարակվելու է ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված են լինելու միջոցառման հայաստանյան ու արցախյան մեր բոլոր «մեղավորները»։ Ի միջի այլոց այդ հրատարակությունում նախատեսված է տեղ տալ ոչ միայն գեղանկարիչներին, այլև պատվավորի կարգավիճակով նրանց հյուր եղած անձանց, ովքեր մեր կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին։ Միաժամանակ նկատենք, որ պատվավոր հյուրի ինստիտուտի ներդրումով միջոցառման կազմակերպիչները փաստորեն ոչ միայն մեր գեղանկարիչներին մեկմեկու հանդիպելու, հաղորդակցվելու հնարավորություն էին տվել, այլ էապես ընդլայնել էին այդ հանդիպումների շրջանակը։
Հարկավ պլեներների սույն շարքի կազմակերպչական աշխատանքների մասին նշելու շատ բան կա, սակայն այս ամփոփիչ նյութում մենք դրանք հնարավորինս փորձում ենք շրջանցել նաև այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր պլեների լուսաբանման ժամանակ փորձել ենք լինել հնարավորինս սպառիչ, ուստի այստեղ դրա խիստ անհրաժեշտությունը չենք տեսնում, թեպետ այլ ածանցյալների կողքին յուրաքանչյուր մասնակցի համար աշխատանքի ու ակտիվ հանգստի հնարավոր պայմանները ստեղծելը բնավ էլ դյուրին բաներից չէր ու այնպես էլ չէ, թե հիշատակման արժանի չեն։
Ինչևէ։
Այժմ երևի թե առանցքային նշանակության մի բանի մասին։
Ինչպիսին է լինելու «70 ճանապարհ դեպի Տաճար» մշակութային այս ծրագրի կտավների հետագա ճակատագի՞րը։
Շտապենք այսպես պատասխանել` միանգամայն աստվածահաճո։ Դրանք գնում են համալրելու Ամենայն հայոց հոգևոր ոստանի հարուստ հավաքածուն՝ ժամանակի ընթացքում ամբողջովին կամ մասամբ ցուցադրվելու հեռանկարով։


Դա հարկավ ապագայի խնդիր է։ Շատ ավելի կարևորն այն է, որ 2021-ի դեկտեմբերյան ցուցահանդեսը կազմած կտավները՝ մեր Հայրենիքի, Հավատի, Տեսակի ինքնության այս յուրօրինակ ընթերցումները, իրապես են գնում․․․ ՏԱՃԱՐ՝ մեր ինքնության ու հավատի տուն։
Հատկանշական ևս մեկ առանձնացում։
Կամոքն Մովսիսյանի ընտանիքի, «70 ճանապարհ դեպի Տաճար» նախագծի շրջանակներում ստեղծված 70 կտավները Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան առիթով նվիրաբերվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ խորհրդանշելով նաև Վեհափառ տիրոջ կյանքի անցած տարիները, որոնք ժամանակային այս չափման մեջ համընկան մեր հոգևոր Հոր 70-ամյակին։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 29140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ